Մենք հասնելու ենք մեր ուզած իրավական պետության կերտմանը, որտեղ դավաճանները եւ նրանց սպասարկողները տեղ չունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:
«2020 թվականի դեկտեմբերի 28-ին էր, երբ հարյուրավոր քաղաքացիներ ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ հավաքվել եւ պահանջում էին պատգամավորների հետ հանդիպումներ՝ իրենց տեսակետները եւ պահանջները փոխանցելու համար։ Ոստիկանության եւ Պետական պաշտպանության ծառայության ղեկավարի ակնհայտ հանցագործություններ պարունակող վարքագիծը, ըստ էության, պատշաճ ընթացք չի ստացել, որովհետեւ մեր բողոքների հիման վրա թե քննչական մարմինները, թե դատախազությունը ցուցաբերել են անգործություն՝ ներկայացնելով, որ հանցագործություն չեն հայտնաբերել»,- նշեց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ հանրային դատապարտելի վարքագիծ է. «Եթե այսպիսի վարքագիծը չդրսեւորվեր Դատախազության կողմից, հետագայում մենք չէինք ունենա բռնության նոր դեպքեր։ Սա եւս ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք լռելու։ Մենք պետք է պայքարենք եւ պայքարելու ենք մինչեւ իրավական պետությանը բնորոշ եւ համապատասխան, անձինք, որոնք խախտել են օրենքը կրեն ամբողջական պատասխանատվություն»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվել էին երկուստեղ հայհոյանքներ:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ։ Հայտնել են, որ այդ գործով Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։